Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Axios-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, կոչ է արել Իրանին ընդունել ԱՄՆ-ի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, որը նախատեսում է ուրանի զրոյական հարստացում, «կեղտոտ քաղաքականացված արշավ» է։
«Կարելի է միայն կռահել, թե այս անգամ ով էր պատվիրատուն, սակայն հրատարակության վերջին հրապարակումներից մեկը՝ «Սենսացիա. Պուտինը կոչ է անում Իրանին ընդունել ԱՄՆ-ի հետ «զրոյական հարստացում» ենթադրող գործարքը» վերնագրով, ամենայն հավանականությամբ, ևս մեկ կեղտոտ քաղաքականացված արշավ է, որը մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը սրելու նպատակով»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը։
Նախարարությունը շեշտել է, որ Մոսկվան մշտապես և բազմիցս ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։
«Մենք կոչ ենք անում պատասխանատու համաշխարհային լրատվամիջոցներին հիմնվել տեղեկատվության պաշտոնական աղբյուրների վրա, խորանալ թեմայի մեջ և չտարածել կեղծիքներ»,- եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։