Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կոշտ է արձագանքել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ հայտարարություններին, դրանք որակելով որպես «անընդունելի»։
Հաջիզադեն նշել է, որ համատեղ հայտարարությունը նախապես համաձայնեցված է եղել ՏՀԿ անդամ երկրների հետ և կազմվել է նախագահողի ամփոփման ձևաչափով՝ առանց առանձին հաստատման անհրաժեշտության։
Նա հերքել է Իրանի դեսպանի պնդումները, թե Թեհրանը վերապահում է հայտնել փաստաթղթի ընդունման առնչությամբ՝ ընդգծելով, որ դիվանագիտական պրակտիկայում վերապահումներ կարող են արտահայտվել միայն բանակցություններով ընդունված որոշումների նկատմամբ։
Բացի այդ, Հաջիզադեն հիշեցրել է, որ բոլոր ՏՀԿ անդամ երկրները, ներառյալ՝ Իրանը, անդամակցում են նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը, որը կողմ է արտահայտվել «ադրբեջանցիների վերադարձին», և դատապարտել է Հայաստանի՝ «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մերժումը։ Այս դիրքորոշումը վերահաստատվել է նաև Ստամբուլի հռչակագրում։
Հաջիզադեի խոսքով, Իրանի դեսպանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «քաղաքական մանիպուլյացիա և կեղծավորություն»։