Միջազգային

PKK-ն և դրա ռազմավարությունը ավարտված են. ինքնությունը ճանաչվել է. Օջալան

Իմրալի կղզում կալանավորված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանը, նախքան նախատեսված զինաթափման գործընթացի մեկնարկը (2025թ․ հուլիսի 11), հրապարակել է տեսաուղերձ։

«PKK շարժումն ու այն սնուցող ազգային-ազատագրական պատերազմի ռազմավարությունն ավարտվել են»,- ասել է նա։

1999 թվականից ի վեր սա Օջալանի առաջին ուղերձն է, որ տեսագրվել է ուղիղ եթերում։ Նա նշել է, որ շարունակում է պաշտպանել «2025թ․ փետրվարի 27-ի Խաղաղության և ժողովրդավարական ընկերության կոչը» և ընդգծել, որ գործընթացը հասել է «պատմական և արժեքավոր» փուլ։

«Ինքնության մերժման վրա հիմնված և անկախ պետություն ստեղծելու նպատակով գործած PKK շարժումն ու դրա ռազմավարությունը ավարտված են։ Ինքնությունը ճանաչվել է, այսպիսով, հիմնական նպատակը իրագործվել է»,- ընդգծել է քուրդ առաջնորդը։

Անդրադառնալով հուլիսի 11-ին սկսվելիք զինաթափման գործընթացին, Օջալանը խոսել է «կամավոր անցման» և Թուրքիայի խորհրդարանում «լիազորված և օրենքով հիմնված հանձնաժողովի» ստեղծման կարևորության մասին։

«Թուրքական խորհրդարանի և հանրության համար արժեքավոր կլինի, եթե դուք բացահայտ ապահովեք զինաթափման գործընթացը՝ փարատելով հասարակության կասկածները և համապատասխանեցնելով մեր խոստումներին»,- շեշտել է նա։

Ամփոփելով՝ Օջալանը նշել է, որ զինաթափման մեխանիզմի ստեղծումը գործընթացը առաջ կշարժի, և դա պետք է ընկալել ոչ թե որպես պարտություն, այլ «պատմական ձեռքբերում»։ Նա հավելել է, որ զինաթափման բոլոր մանրամասները որոշվելու են և արագորեն կյանքի կկոչվեն։