Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիան կարող է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այդ մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։
Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նախագահ Պավելը նշել է. «Վլադիմիր Պուտինը հավերժ իշխանության ղեկին չի մնա», և ընդգծել է, որ Արևմուտքը պետք է ակտիվ աշխատանք տանի ռուսական ընդդիմության հետ՝ «ավելի լավ պատկերացնելու ռուսաստանցիների տեսակետներն ու մտավախությունները»։
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության և հնարավոր խաղաղ համաձայնագրի հեռանկարների մասին՝ Պավելն ընդգծել է, որ «ռուսական զորքերին օկուպացված տարածքներից դուրս մղելն անհնար կլինի առանց մեծաթիվ զոհերի և զգալի ավերածությունների»։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին՝ ավելի կոշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղություն հաստատելու նպատակով։
«Հավերժ պատերազմել Ռուսաստանի հետ պարզապես անհնար է, անհրաժեշտ է գնալ փոխզիջումների», – հայտարարել է Չեխիայի նախագահը՝ հավելելով․ «Ի՞նչ այլընտրանքներ ունենք՝ շարունակե՞լ պատերազմել Ռուսաստանի հետ։ Հավանաբար, նման մոտեցումը կհանգեցնի մեզ բոլորիս համար մեծ մարդկային կորուստների և լուրջ վնաս կհասցնի մեր տնտեսություններին»։