Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ընդունելու ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է բանակցություններ սկսել Իրանի հետ։ Նա հավելել է, որ առաջընթաց է արձանագրվել Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման հարցում՝ չնայած դրա վիճահարույց բնույթին։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների ընթրիքի սկզբում, հանդես գալով լրագրողների առջև, Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը համագործակցում են այլ պետությունների հետ, որոնք պատրաստ են պաղեստինցիներին ապահովել «ավելի լավ ապագայով»՝ առաջարկելով, որ Գազայի բնակիչները կարող են տեղափոխվել հարևան երկրներ։
«Եթե մարդիկ ցանկանում են մնալ, թող մնան, բայց եթե ցանկանում են հեռանալ, պետք է հնարավորություն ունենան դա անել»,– ասել է Նեթանյահուն։
«Մենք շատ սերտ համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ՝ որոնելու այնպիսի երկրներ, որոնք պատրաստ են իրականացնել վաղուց հնչեցված գաղափարը՝ պաղեստինցիներին տալու ավելի բարեկեցիկ ապագա։ Կարծում եմ՝ մոտենում ենք այն պահին, երբ նման մի քանի երկրներ կհայտնաբերենք»,– նշել է նա։
Թրամփը, որը սկզբում վերապահումներով էր արձագանքել Նեթանյահուի՝ պաղեստինցիների վերաբնակեցման հարցով մեկնաբանություններին, հետո նշել է, որ Իսրայելին շրջապատող երկրները ցուցաբերում են աջակցություն։
«Մենք հիանալի համագործակցություն ենք ունեցել այդ երկրների հետ՝ յուրաքանչյուրի հետ։ Կարծում եմ, ինչ-որ դրական բան տեղի կունենա»,– ասել է Թրամփը։