Վրացի գործարար Գիորգի Ռամիշվիլին, որը մի քանի խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group-ի, Silknet-ի և Euronews Georgia-ի հիմնադիրն ու սեփականատերն է, ձերբակալվել է։
ՆԳՆ տվյալներով՝ օդանավակայանում նրա ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է հրազեն։ Նախարարությունը հաստատել է, որ զենքը գրանցված է, բայց նշել է, որ նա այն կրելու թույլտվություն չի ունեցել։
58-ամյա Գիորգի Ռամիշվիլին հեռահաղորդակցության շուկայի առաջատարներից մեկի՝ Silknet-ի վերահսկիչ խորհրդի նախագահն է։
2020 թվականից ի վեր Euronews Georgia հեռուստաալիքը հեռարձակվում է Վրաստանում՝ Silknet-ի հետ համագործակցությամբ։
2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ կառավարության դեմ բողոքի ցույցերի սկսվելուց երկու օր անց Silknet-ը և Silk Road Group-ը հանդես եկան Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման աջակցությամբ։
2018 թվականին Ռամիշվիլին եղել է նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի հարսանիքի քավորը, որն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների էր ենթարկվել Ռուսաստանի ԱԴԾ-ի հետ հնարավոր կապերի համար։
Նա նաև պլանավորել էր Բաթումում կառուցել Թրամփի աշտարակ. նախագիծը ներկայացվել էր 2012 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք, սակայն գործարքը չեղյալ է հայտարարվել 2016թ․ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։