Լեհաստանը հուլիսի 7-ից Գերմանիայի հետ սահմանին սահմանել է ստացիոնար սահմանային հսկողություն։ Ստուգումները սկսվել են կեսգիշերից՝ 52 անցակետերում, և կտևեն առնվազն մինչև օգոստոսի 5-ը։ Նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է իրականացնել նաև Լիտվայի հետ սահմանին։
Սահմանը հատողների մոտ կստուգվեն անձնագրերն ու անձը հաստատող փաստաթղթերը։ Լեհ սահմանապահները հատուկ ուշադրություն կդարձնեն ավտոբուսներին, միկրոավտոբուսներին և մեծ թվով ուղևորներ տեղափոխող մեքենաներին, ինչպես նաև մգեցված ապակիներով ավտոմեքենաներին։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այս միջոցառումները նպատակ ունեն «սահմանափակել անօրինական միգրանտների անվերահսկելի հոսքը»։
Տուսկը բազմիցս ակնարկել է, որ Վարշավայի որոշումը պատասխան է Բեռլինի քայլերին։ Մայիսի սկզբին Գերմանիայի ներքին գործերի նոր դաշնային նախարար Ալեքսանդր Դոբրինդտը կարգադրել էր ուժեղացնել սահմանային հսկողությունը և մերժել Լեհաստանի սահմանին ապաստան հայցողներին։