Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները տարբերվում են մյուս երկրների միջև եղած կապերից։ Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն բարեկամությամբ, այլև եղբայրությամբ։
«Երբ ասում ենք՝ «Երկու պետություն՝ մեկ ժողովուրդ», դա պատահական խոսք չէ։ Մենք բազմիցս ապացուցել ենք դա մեր պատմության ընթացքում։ Ուստի չենք կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ», – մեջբերում է Էրդողանի խոսքերը Minval լրատվական կայքը։
Նա ընդգծել է, որ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում շահավետ են բոլոր կողմերի համար։ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դիվանագիտական հիմքը արդեն ձևավորվել է, իսկ 2024 թվականի վերջին Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստը։
«Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ նա ցույց է տալիս ավելի ճկուն դիրքորոշում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրման շահերից», – նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքը կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից։
«Միջանցքը նոր թափ կհաղորդի Միջին միջանցքի զարգացմանը։ Թուրքիայի ապրանքները կկարողանան ավելի արագ հասնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղղված բեռները կանցնեն Թուրքիայի տարածքով», – ասել է նա։
Նա նաև ընդգծել է միջանցքի երկաթուղային հատվածի կարևորությունը՝ նշելով, որ այն առանցքային դեր կխաղա բեռնափոխադրումների ոլորտում։
Էրդողանի խոսքով՝ երթուղին կանցնի Թուրքիայի Իգդիր նահանգով և կապ կհաստատի Նախիջևանի հետ։ Սա, նրա համոզմամբ, կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։
Նա հավելել է, որ Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղու կառուցումն ու Լեռնային Ղարաբաղում իրականացվող նախագծերը կդառնան առավել արդյունավետ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո։
Վերջում Էրդողանը նշել է․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կփոխի տարածաշրջանի մթնոլորտը։ Հաշտեցումից հետո մենք ականատես կլինենք նոր պատմական հնարավորությունների բացմանը»։