Միջազգային

Թուրքիան կոչ է անում զսպվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ վերադառնալով Ադրբեջան կատարած այցից հետո։

«Թուրքիան ունի խոր դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք լարվածության զարգացումներին և հորդորում ենք երկու երկրներին առաջնորդվել զսպվածությամբ։ Հավատում ենք, որ խնդիրը կարելի է լուծել առավել պարզ և ողջախոհ կերպով՝ դիվանագիտական հարթակներում արված հանգստացնող հայտարարությունների միջոցով։ Հուսով ենք, որ կողմերի միջև բացասական զարգացումները կդադարեն հնարավորինս շուտ։ Մենք չենք ցանկանում, որ վերջին ցավալի դեպքերը անդառնալի վնաս հասցնեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին», - ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է խնդրին մոտենալ հավասարակշռված ու շրջահայաց։

«Մենք գիտենք, որ մեր երկու բարեկամ երկրները ունակ են համատեղ լուծում գտնելու։ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր կառուցողական քայլերին։ Մեր գլխավոր նպատակն է կանխել նոր սրացումը՝ տարածաշրջանում մեծ ջանքերով հասած կայունությունը չվտանգելու համար։ Կովկասը այլևս չի կարող տանել նոր հակամարտություն։ Հավատում ենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է հանգիստ և արդյունավետ լուծում գտնել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Էրդողանը նշել է, որ Ալիևը գործում է զգույշ և հավասարակշռված, և «չի ձգտում իրավիճակի սրմանը»։