ԱՄՆ-ն և Բելառուսը պետք է կարգավորեն հարաբերությունները՝ հանուն փոխշահավետ համագործակցության, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին նա գրել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում։
«Ձեր առաջին նախագահության շրջանում Մինսկն ու Վաշինգտոնը բռնեցին հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ցավոք, ինչ-որ պահի բելառուսա-ամերիկյան փոխգործակցությունը հեռացավ այդ դրական գծից։ Համոզված եմ, որ նման իրավիճակը չի համապատասխանում ոչ մեր երկրների, ոչ էլ՝ ժողովուրդների ազգային շահերին։ Եկել է այն փոխելու ժամանակը»,- նշել Է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Բելառուսը միշտ հանդես է եկել ԱՄՆ-ի հետ կառուցողական և հարգալից երկխոսության կառուցման օգտին:
«Հուսով եմ վերականգնել միջպետական շփումների դրական դինամիկան և իրականացնել երկկողմ և բազմակողմ համագործակցության փոխշահավետ նախագծեր»,- եզրափակել է Բելառուսի նախագահը: