Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին որոշում է կայացրել սկսել երկրում ռուսալեզու դպրոցների փակման գործընթաց: Այս մասին հայտնում է ադրբեջանական զլմ-ները։
Թեմային անդրդարձել են նաև ռուսական զլմ-ները։ Մասնավորապես՝ РБК գործակալության զրուցակիցը դպրոցներից մեկում հաստատել է տեղեկությունը։
Oxu.az ադրբեջանական պորտալը, վկայակոչելով ծնողներին, գրել էր, որ WhatsApp-ի դպրոցական խմբերը ստացել են համապատասխան ծանուցումներ, որտեղ ասվում է, որ դրանք կփակվեն փուլ առ փուլ:
«Առաջիկա երեք տարին ռուսալեզու դպրոցները կանցնեն ադրբեջաներենով դասավանդման, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանում գործում է 340 ռուսալեզու դպրոց, որոնցից 16-ում ուսուցումն իրականացվում է միայն ռուսերենով, մյուսներում՝ երկլեզու: Ըստ գնահատականների՝ դրանցում սովորում է 150-160 հազար աշակերտ։
Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև Ադրբեջանի կրթության նախարարությունը՝ պաշտոնապես հերքելով մեսինջերներում տարածվող տեղեկատվությունը և հորդորելով հետևել պաշտոնական տեղեկատվությանը։