Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոք են հայտնել ռուսական կողմի ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմին բողոքի նոտա է ներկայացվել երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի կապակցությամբ։
Նշվում է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցածի վերաբերյալ Ռուսաստանի կողմից արված բացատրությունը հակասել է փորձաքննության եզրակացություններին և զոհվածների մարմինների վրա բռնության հետքերի առկայությանը։
Ադրբեջանը ռուսական կողմից ակնկալել է օրենքի խախտումների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Ընդգծվել է նաև, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում չի կարող դիտարկվել որպես միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին։
«Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում իրականացված գործողությունների վերաբերյալ ռուսական կողմի հաղորդումներն անհիմն են համարվել։ Ընդգծվել է, որ այդ միջոցառումներն իրականացվել են Ադրբեջանի օրենսդրությանը լիովին համապատասխան, և ներկայումս շարունակվում են քննչական միջոցառումները։
Ռուսաստանի օդային տարածքում խոցված Azerbaijan Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի միջադեպից հետո Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալել է լիարժեք և թափանցիկ հետաքննություն, մեղավորների հայտնաբերում և պատժում, ինչպես նաև տուժածներին փոխհատուցումների վճարում։ Այս քայլերը դիտարկվել են որպես չափազանց կարևոր երկկողմ հարաբերություններում բացասական մթնոլորտի վերացման համար։