Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին։
«Զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային, մեր ժողովրդին և մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Նաև հստակ աջակցություն հայտնեցի Ուկրաինայի կողմից այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը։
Ցավակցություն հայտնեցի Ադրբեջանին՝ Ռուսաստանում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բոլոր փաստերը կպարզվեն։ Արդարադատություն է անհրաժեշտ։ Ալիևի հետ ունենք ընդհանուր տեսլական. յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։
Մենք նաև քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները՝ էներգետիկայի և հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Համաձայնեցինք անցկացնել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ։ Մեր կառավարությունները ակտիվացնում են իրենց աշխատանքը,- հայտնել է Ուկրաինայի առաջնորդը սոցիալական ցանցերում։