Եկատերինբուրգից հետո, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսաստանի Վորոնեժի մարզում են տեղի ունենում լայնածավալ խուզարկություններ, ձերբակալվում են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ։
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները պատերազմ են հայտարարել Վորոնեժի Ալեքսեևսկի շուկայի «սեփականատերերին»: Այն վաղուց է անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում։ Տարին մի քանի անգամ այստեղ ուժեղացված միջոցառումներ են անցկացվում՝ միգրացիայի ոլորտում խախտումներ հայտնաբերելու համար։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են այցելուների պահվածքից և հակասանիտարական վիճակից։
Ինչպես հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները, իրավիճակը լարվել է, երբ մի խումբ միգրանտներ արգելափակել են ռուս վարորդի բեռնատարը: Նրանք պահանջել են մի քանի օր իրենց մոտ թողնել տրանսպորտային միջոցը։
«Շուկայի տերերը» սպառնացել են կտրող-ծակող առարկաներով վնասել մեքենան՝ շեշտելով, որ դրա համար իրենց ոչինչ չեն անի։
Վարորդին փրկելու համար պահանջվել են «Ռուսական համայնք» ազգայնական կազմակերպության և ոստիկանության ուժերը։
Իրավիճակն անձնական վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Կիկոտը, որն այդ պաշտոնում նշանակվել է ապրիլի 2-ին: Հունիսի 25-ին Ալեքսեևսկի շուկայում լայնածավալ արշավանք է սկսվել ՆԳՆ և Ռոսգվարդիայի աշխատակիցների մասնակցությամբ՝ «Նելեգալ-2025» օպերատիվ-կանխարգելիչ գործողության շրջանակներում։ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ երեք միջոցառում է եղել։