Միջազգային

Ինչո՞ւ Իրանի ժողովուրդը չպետք է ապստամբի. Լևիթ

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլին Լևիթը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողությունները չեն փոխվել, չնայած՝ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել էր Իրանի թեոկրատական ղեկավարության տապալման հնարավորության հարցը.

«Նախագահն ընդամենը բարձրացրել է այն հարցը, որը շատերն են տալիս»,– ասել է նա. «Եթե նրանք հրաժարվում են մասնակցել դիվանագիտական բանակցություններին, ինչո՞ւ Իրանի ժողովուրդը չպետք է ապստամբի այդ դաժան ահաբեկչական ռեժիմի դեմ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը գրել էր, որ «ռեժիմի փոփոխություն» տերմինի կիրառումը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ Իրանը հզոր դարձնել, ինչո՞ւ ռեժիմի փոփոխություն չիրականացնել։

Միաժամանակ, Լևիթը հերքել է մեղադրանքները, թե դեմոկրատները նախապես չեն տեղեկացվել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման մասին։

«Մենք իրականացրել ենք երկկուսակցական հեռախոսազանգեր»,– ասել է Լևիթը Fox News-ին՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսի հետ կապ հաստատել չի հաջողվել։

Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը «պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել» ծրագրերի մասին, հավելելով, սակայն, որ այդ զանգերը կատարվել են պարզապես քաղաքավարության նկատառումներից ելնելով։