ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ведомости-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությանը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ ՌԴ առևտրաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը: Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հանգեցրել է զգալի տնտեսական աճի. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից 2024 թվականին հասել է մինչև 8500 դոլար: ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12,7 միլիարդ դոլարի, մինչդեռ Եվրամիության հետ այն կազմել է ընդամենը 2,3 միլիարդ դոլար:
«Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների օրինակ է»,- ընդգծել է Օվերչուկը:
Ըստ նրա, չնայած սրան, ներկայումս Երևանն ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցումը: Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ի հետ կուրսի պատճառով ռուսական բիզնեսը դարձել է ավելի զգուշավոր. 2024 թվականին առևտրաշրջանառությունը կրճատվել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի: 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար դա նշանակում է 23% կորուստ.
«Եվ սա դեռ միայն ռուսական բիզնեսի արձագանքն է հայկական քննարկումներին»,- նշել է փոխվարչապետը: