Միջազգային

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններին՝ նշելով, որ դրա ելքը մեծապես կախված է Կիևից։

«Մենք կապի մեջ ենք, մեր բանակցային խմբերը շփվում են միմյանց հետ: Վերջերս հարցրեցի Մեդինսկուն, նա ասաց, որ, կարծեմ, հենց այսօր է խոսել Կիևից իր գործընկերոջ հետ»,- պատմել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը հերքել է արևմուտքից հնչող մեղադրանքները, թե իբր ինքը չի ցանկանում բանակցություններ վարել. «Մեզ համար կարևոր չէ, թե ով է վարում բանակցությունները, նույնիսկ եթե դա գործող ռեժիմի ղեկավարն է: Ես նույնիսկ պատրաստ եմ հանդիպել, բայց եթե դա լինի ինչ-որ ավարտական փուլ, որպեսզի չնստենք և անվերջ բաժանենք ինչ-որ բան, այլ վերջնական կետ դնենք»,- ընդգծել է նա:

Նա նշել է, թե կա կա մի նրբություն. ո՞վ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի որ Զելենսկու լիազորությունները 2024թ. մայիսին ավարտվել են. «Քարոզչական առումով կարելի է ասել ամեն ինչ գործող իշխանությունների օրինականության մասին: Սակայն մեզ համար լուրջ հարցեր լուծելիս կարևոր է ոչ թե քարոզչական բաղադրիչը, այլ իրավականը»։

Պուտինի խոսքով. «Պայմանագիրը պետք է ստորագրեն լեգիտիմ իշխանությունները։ Հակառակ դեպքում կգա հաջորդը, կասի՝ սա ինձ հետ չի պայմանավորվել, և կնետի աղբամանը։ Այդպես չի կարելի։ Մենք լուրջ հարցեր ենք լուծում»։