Միջազգային

Իրանը հայտնել է՝ երբ կսկսի բանակցությունները

Թեհրանն իր դիրքորոշումը փոխանցել է Կատարի և Օմանի միջնորդներին՝ նշելով, որ որևէ բանակցության չի մասնակցի, քանի դեռ չի ավարտել իր պատասխան գործողությունները Իսրայելի հարձակումներին։ Այս մասին Reuters-ին հայտնել է դիվանագիտական շփումներին ծանոթ մի պաշտոնյա։

Պաշտոնյան հերքել է այն հաղորդումները, ըստ որոնց՝ Թեհրանը դիմել է Կատարին և Օմանին՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ հրադադարի բանակցություններ սկսելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ ուրբաթ վաղ առավոտյան Իսրայելը անսպասելի հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով լրջորեն տուժել է Իրանի ռազմական ղեկավարությունը, մի շարք միջուկային օբյեկտներ վնասվել են։ Իսրայելը հայտարարել է, որ իր ռազմական արշավը կշարունակվի և առաջիկա օրերին նոր թափ կստանա։ Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ «կբացի դժոխքի դռները»՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։