Միջազգային

Իսրայելական տաղավարները փակվել են Փարիզի ավիաշոուում

Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի ավիաշոուի ընթացքում փակել են Իսրայելի չորս խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների տաղավարները։ Սա արվել է այն բանից հետո, երբ ցուցադրվել է հարձակողական կամ «կինետիկ» տեսակի սպառազինություն. տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրի։

Փակված տաղավարները ներկայացնում էին Elbit Systems-ը, Rafael-ը, Israel Aerospace Industries-ը (IAI) և Uvision-ը։ Ըստ աղբյուրի՝ իսրայելական ընկերությունները չեն կատարել Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների պահանջը՝ ցուցադրությունից հեռացնել հարձակողական զինատեսակները։ Արդյունքում, Ֆրանսիայի իշխանությունները որոշել են փակել այդ տաղավարները։

Միևնույն ժամանակ, երեք փոքր իսրայելական տաղավարներ, որտեղ զինտեխնիկա ցուցադրված չէր, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության նախարարության տաղավարը, շարունակում են գործել։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի որոշումը՝ այն որակելով «վրդովեցուցիչ և աննախադեպ»։ ՊՆ-ն նշել է, որ ցուցադրության տարածքում իսրայելական տաղավարներն առանձին սև պատով անջատվել են մյուս մասնակիցներից։ Ըստ նախարարության՝ պատը տեղադրվել է գիշերով, երբ իսրայելական պատվիրակությունն արդեն ավարտել էր իր ցուցադրական աշխատանքները։