Միջազգային

Աշխարհը պետք է իմանա, որ սա պլանավորված բռնություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Քերմանշահ քաղաքում գտնվող Ֆարաբի հիվանդանոցի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և ռազմական հանցագործություն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Օկուպացիոն ռեժիմի կողմից կատարված ևս մեկ հանցագործություն. այս անգամ հարձակման է ենթարկվել Իրանի արևմուտքում գտնվող հիվանդանոցը։ Բնակելի թաղամասերի վրա հարվածներից բացի, բժշկական հաստատությունների վրա հարձակումը միջազգային նորմերի կոպիտ խախտում է և մարդկության դեմ հանցագործություն»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ նման գործողություններն Իսրայելի պաշտպանության նախարարի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու հրամանի ուղղակի հետևանքն են. «Սա մեկուսացված միջադեպ չէ, այլ դիտավորյալ մարտավարություն։ Աշխարհը պետք է իմանա, որ սա պլանավորված բռնություն է»։

Նա նաև հավելել է, որ պատմությունը «խիստ դատավճիռ կկայացնի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում և արդարացնում են ագրեսիվ և ցեղասպան ռեժիմի գործողությունները»։