Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները խորհուրդ են տվել «Թուրքական ավիաուղիներին» անհապաղ լուծել հունիսի 13-14-ն Անթալիայի և Վնուկովոյի միջև թռիչքներ կատարող ուղևորների ուղեբեռի Մոսկվա հասցնելու հարցը։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիան»։
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսավիացիան» հետաքննում են «Թուրքական ավիաուղիների» կողմից հունիսի 13-14-ն Անթալիայի և Վնուկովոյի միջև մի քանի չվերթերի ուղեբեռի չհասցնելու պատճառները։ Իրավիճակը գտնվում է գերատեսչությունների վերահսկողության տակ։ «Թուրքական ավիաուղիներին» խորհուրդ է տրվել անհապաղ լուծել Մոսկվա ուղեբեռի հասցնելու հարցը», - ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ավիաընկերությանը խորհուրդ է տրվել կարգավորել իր չվերթերում ուղեբեռի բեռնման տեխնոլոգիան՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար։
«Ուղևորների հարմարավետությունը պետք է լինի օտարերկրյա ավիաընկերությունների համար Ռուսաստանի ավիափոխադրումների շուկայում հիմնական առաջնահերթություններից մեկը»,- ընդգծել է «Ռոսավիացիան»։
«Վնուկովոն», իր հերթին, հայտնել է, որ TK3024, TK3152, TK3140, TK1231 չվերթերով օդանավակայան ժամանած ուղևորները, որոնց ուղեբեռը չի հանձնվել ավիաընկերության կողմից, պետք է կապվեն ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ դրա վերադարձման և ստացման հետ կապված խնդիրները լուծելու համար: Օդանավակայանն ավելացրել է աշխատակիցների թիվը՝ ուղեբեռի որոնման ուղևորների հարցումներն ավելի արագ մշակելու համար: