ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ափսոսանք է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար Իլոն Մասկի միջև հասարակական տարաձայնությունների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրանց հարաբերությունները կվերականգնվեն։ Միևնույն ժամանակ Վենսը նշել է, որ Մասկի հարձակումը Թրամփի դեմ «մեծ սխալ էր»։
«Ես միշտ հավատարիմ կլինեմ նախագահին, և հուսով եմ, որ Իլոնը ի վերջո կվերադառնա մեր շարքերը: Միգուցե հիմա դա անհնար է, քանի որ նա շատ հեռուն է գնացել, բայց ես դեռ հույս ունեմ», - ասել է Վենսը։
Մասկը 2024 թվականի ընտրություններում աջակցել է Թրամփին և Վենսին, այնուհետև ղեկավարել է նոր վարչություն՝ բարելավելու կառավարության արդյունավետությունը։ Սակայն նրա նախաձեռնած բյուջեի կրճատման ծրագիրը, ինչպես խոստովանում է ԱՄՆ վարչակազմը, դեռ չի բերել ակնկալվող արդյունքները։ Թրամփի և Մասկի միջև խզումը տեղի ունեցավ այս շաբաթ այն բանից հետո, երբ գործարարը քննադատեց Սպիտակ տան կողմից աջակցվող հարկերի և ծախսերի կրճատման օրինագիծը: Վեճը արագ վերաճեց սոցիալական ցանցերի վրա անձնական հարձակումների և արձագանք գտավ ԱՄՆ քաղաքական և գործարար շրջանակներում: Իրավիճակին ծանոթ Bloomberg-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն անձամբ հորդորել է Վենսին զուսպ դիրքորոշում ցուցաբերել Մասկի նկատմամբ՝ նախքան փոդքասթը ձայնագրելը։
Միաժամանակ, ինքը՝ Վենսը, ընդգծել է, որ անշրջելի չի համարում Թրամփի ու Մասկի միջև առաջացած խզումը։
«Նախագահը չի հավատում, որ մենք պետք է Իլոնի հետ ձգձգվող վեճի մեջ մտնենք։ Եվ անկեղծ ասած, եթե նա մի փոքր զովանա, ամեն ինչ կարող է լուծվել»,- նշել է Վենսը։