ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային մեղադրել է ստամբուլյան բանակցությունների պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Մեդինսկին նշել է, որ հունիսի 6-ին, Ստամբուլի համաձայնագրերի խիստ համապատասխան, ռուսական կողմն սկսել է մարդասիրական գործողություն իրականացնել՝ Ուկրաինա տեղափոխելու զոհված Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ավելի քան 6000 մարմին, ինչպես նաև փոխանակելու վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիների և 25 տարեկանից փոքր ռազմագերիների։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 1212 սառեցված մարմինների առաջին խմբաքանակն արդեն սառնարանային բեռնատարներով ժամանել է փոխանակման գոտի։ Մնացածը ճանապարհին են։ Բացի այդ, փոխանակումն սկսելու համար Ուկրաինա է տեղափոխվել 640 ռազմագերիների առաջին ցուցակը՝ «վիրավորներ, ծանր հիվանդներ և երիտասարդներ» կատեգորիաներով։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին։ Սակայն ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը։ Ինչ-ինչ պատճառներով նրանց բանակցային խումբը նույնիսկ փոխանակման վայր չի ժամանել։ Բերվում են տարբեր և բավականին տարօրինակ պատճառներ»,- հայտնել է պաշտոնյան։
Նա Կիևին խստորեն կոչ է արել պահպանել ժամանակացույցը, ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և անհապաղ սկսել փոխանակումը։
«Թող, ինչպես պայմանավորվել էինք, յուրաքանչյուր կողմից 1200 զինվոր և սպա հնարավորություն ունենան վերադառնալու տուն։ Մենք կոչ ենք անում վերջապես հավաքել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց։ Մենք տեղում ենք։ Մենք լիովին պատրաստ ենք աշխատանքի։ Միջազգային հեռուստաալիքները, լրատվական գործակալությունները և թղթակիցները կարող են գալ և անձամբ տեսնել, որ ամեն ինչ այդպես է։ Ռուսաստանը միշտ պահում է իր խոսքը»,- ընդգծել է նա։