Միջազգային

Տուսկը կառավարության վստահության հարցով քվեարկություն կկազմակերպի

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ քվեարկության կդնի իր կառավարության վստահության հարցը՝ նպատակ ունենալով նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո ամրապնդել փխրուն կոալիցիայի դիրքերը։

Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ իր առաջին հրապարակային ելույթում, վարչապետ Տուսկը վստահեցրել է, որ կառավարությունն անհապաղ կանցնի գործի և կներկայացնի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ վերականգնելու կառավարության աշխատանքային տեմպը։

Շնորհավորելով աջակողմյան ընդդիմության թեկնածու Կարոլ Նավրոցկու հաղթանակը, Տուսկը նշել է, որ կառավարությունն ունի «պահուստային ծրագիր» և հավաստիացրել է, որ «ոչ մի պահ չի դադարի գործել»՝ կրկնապատկելով օրենսդրական աշխատանքների ջանքերը։

Վարչապետը նաև նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորը՝ ներառյալ մեր ընդդիմախոսները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, տեսնեն, որ մենք լիովին գիտակցում ենք պահի լրջությունը, սակայն չենք պատրաստվում ետ քայլ կատարել»։ Նա նաև հավելել է, որ դիմելու է խորհրդարանին՝ հաստատելու իր կառավարության մեծամասնությունը։