Միջազգային

Ուկրաինայի հարցում Լեհաստանի նոր նախագահի դիրքորոշումը տարբեր է

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ազգայնական թեկնածու Կարոլ Նավրոցկին՝ ստանալով ձայների 50.89%-ը:

Reuters-ը գրում է, որ այս արդյունքը լուրջ հարված է եվրոպամետ կառավարության բարեփոխումների օրակարգին:

Վարչապետ Դոնալդ Տուսկը 2023 թվականին իշխանության է եկել ձախակողմյան և կենտրոնամետ կուսակցությունների լայն դաշինքով՝ խոստանալով չեղարկել ազգայնական «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցության կողմից կատարված փոփոխությունները, որոնք, Եվրամիության գնահատմամբ, խաթարել են ժողովրդավարությունը, կանանց և փոքրամասնությունների իրավունքները:

Սակայն բարեփոխումներն առաջընթաց չեն գրանցել, հիմնականում այն պատճառով, որ, կառավարության պնդմամբ, գործող նախագահ Անջեյ Դուդան, որը PiS-ի դաշնակից է, վետո է դրել օրինագծերի վրա: Սպասվում է, որ Նավրոցկին նույնպես կշարունակի արգելափակել դրանք:

Թեև Նավրոցկին աջակցում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն, նա դեմ է Կիևի՝ արևմտյան դաշինքներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, անդամակցելուն: Նա նաև հայտարարել է, որ չի համաձայնի Ուկրաինայի տարածքում լեհական զորքեր տեղակայելու առաջարկին:

Նավրոցկին հերքել է իրեն ռուսամետ համարելու պնդումները՝ ընդգծելով, որ Լեհաստանն իրավունք ունի Կիևի հետ բարձրացնել զգայուն հարցեր, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ուկրաինացի ազգայնականների կողմից սպանված լեհ զոհերի մասունքների արտաշիրմումը: