ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին*։
Ըստ Ուիթքոֆի՝ երկրների միջև հակամարտությունների կարգավորմանը շատ մոտ են։
«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը։
Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին: Այնպես որ, սա հսկայական նախաձեռնություն է նախագահի կողմից։ Նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա։
* «Աբրահամյան համաձայնագրեր» (անգլ.՝ Abraham Accords) անվանումն է դիվանագիտական փաստաթղթերի, որոնց միջոցով Իսրայելը 2020 թվականին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ։ Այն կնքվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Դրանով կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ընդունում են միմյանց ինքնիշխանությունը, համաձայնում են տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային համագործակցության զարգացման։ «Աբրահամյան» անունն ընտրվել է ի նշան այն բանի, որ եռակողմ համաձայնագիրը միավորում է աբրահամյան կրոնների՝ հրեության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։