Իրանն առաջարկում է ամերիկյան ներդրումների ներգրավմամբ ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծել։
Դա կարող է այլընտրանք դառնալ Իրանի միջուկային ծրագրի «ամբողջական վերացման» համար, որն առաջ է մղում Դոնալդ Թրամփը: Այս մասին New York Times-ին պատմել են իրանցի չորս պաշտոնյաներ:
Ինչպես գրում է NYT-ը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այդ գաղափարն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Օմանում կայացած բանակցությունների ժամանակ: Ուիթքոֆի ներկայացուցիչը հերքել է, որ այդ թեման բարձրացվել է հանդիպման ժամանակ։
Ենթադրվում է, որ բացի Իրանից, կոնսորցիումին պետք է մասնակցեն Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: Համաձայնագրի շրջանակներում Իրանը կկարողանա ուրանը հարստացնել մինչև 3,67% մակարդակի, որից հետո այն կուղարկվի արաբական այլ երկրներ՝ քաղաքացիական կարիքների համար:
Միջուկային զենքի համար անհրաժեշտ մակարդակից ցածր ուրանի հարստացման գաղափարն արդեն ներառված է այլ երկրների հետ Իրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրում: Նոր առաջարկի հիմնական տարբերությունն այն է, որ այն նախատեսում է այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից դիտորդների ներկայություն իրանական օբյեկտներում: