ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ռուսաստանին և Ուկրաինային՝ պահանջելով առաջընթաց արձանագրել կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհեռանա միջնորդի իր դերից։
«Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին՝ նշելով, որ եթե ուղիղ բանակցությունները շուտափույթ չկայանան, ապա, նրա կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է դուրս գա այդ գործընթացից, ինչ էլ որ դա նշանակի, և պարզապես չմիջամտի դրան», – ասել է Ուիթքոֆը։
«Մենք ցանկանում ենք հանդես գալ որպես միջնորդ այդ հարցում։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք պատերազմ չենք սկսել, բայց ուզում ենք օգնել՝ վերջ տալու դրան։ Դրա ուղին հրադադարն է՝ բոլորը դադարեցնում են բռնությունը, և մենք որոշ ժամանակ միասին աշխատում ենք՝ համոզվելու, որ կարող ենք լուծել այստեղի հիմնական խնդիրները։ Եվ ես կարծում եմ, որ դա հնարավոր է», – ընդգծել է նա։