Միջազգային

PKK-ն կկազմալուծվի. Rudaw

Թուրքիայում քրդամետ ուժերի շրջանում զգուշավոր հույս է առաջացել խաղաղ կարգավորման շուրջ՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) 12-րդ համագումարի արդյունքում, որը անցկացվել է մայիսի 5-7-ը։ Համագումարի ընթացքում քննարկվել է կազմակերպության զինաթափման ու կազմալուծման հնարավորությունը՝ ի պատասխան PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի՝ փետրվարին հղած հատուկ ուղերձին: Այս մասին գրում է Rudaw լրատվականը։

Օջալանը, որը բանտարկված է 1999 թվականից ի վեր, իր ուղերձում կոչ էր արել PKK-ին՝ քննարկել զենքերը վայր դնելու և կառույցը կազմալուծելու հարցը։ 

PKK-ի համագումարի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ համագումարը անցկացվել է միաժամանակ երկու վայրում՝ բոլոր գործող տարածքներից պատվիրակների մասնակցությամբ։ Սա ենթադրաբար վերաբերում է Իրաքյան Քուրդիստանի և Իրանի սահմանային գոտիներին, որտեղ PKK-ն ունի ներկայություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ PKK-ն որոշում է կայացրել զինաթափման և կազմալուծման վերաբերյալ, որի մանրամասները շուտով կհրապարակվեն։ Հատուկ կոչ է հղվել նաև Աբդուլլա Օջալանի «ֆիզիկական ազատության» համար։

Քուրդիստանի Սոցիալիստական կուսակցությունը (PSK) նույնպես ողջունել է սպասվող զինաթափումը՝ այն համարելով հնարավոր դրական շրջադարձ ոչ միայն Թուրքիայի, այլև Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի հյուսիսարևելյան հատվածների քրդերի համար։