Միջազգային

«Ովքեր այսօր հաշվի չեն առնում Ադրբեջանին, վաղը կզղջան»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ակնայի Մուղամի կենտրոնի բացման արարողությանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր «այսօր հաշվի չեն առնում Ադրբեջանին, վաղը կզղջան դրա համար»։ 

Նա 44-օրյա պատերազմում տարած հաղթանակն անվանել է ադրբեջանական ժողովրդի ընդհանուր հաղթանակը և նշել, որ Ադրբեջանն այդպիսով «ամբողջ աշխարհին ցույց է տվել իր պատմական մեծությունը»:

«Պատահական չէ, որ նույնիսկ մեզ թշնամաբար տրամադրված շրջանակները, ուժերը և երկրները գիտեն, որ մենք արժանի ժողովուրդ ենք, հարգանքի արժանի ժողովուրդ, և մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում, վաղը կզղջան դրա համար»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանը հստակ հասկանում էր, թե «ով է աջակցում Հայաստանին և ինչ ուժեր են կանգնած դրա ետևում», բայց դա նրանց չի կանգնեցրել։