Միջազգային

«Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Կարմիր հրապարակում կազմակերպված ռազմական շքերթի ընթացքում։

«Մենք հավատարիմ ենք այդ պատմական ու հաղթական իրադարձությունների հիշողությանը։ Որպես հաղթանակ տարած ժողովրդի ժառանգներ՝ մայիսի 9-ը նշում ենք որպես մեր երկրի, ժողովրդի, յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար ամենակարևոր տոներից մեկը»,– հայտարարել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով. «Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք հաշտվի դրա իրադարձությունների խեղաթյուրման, մարդասպաններին արդարացնելու կամ իսկական հաղթողներին զրպարտելու փորձերի հետ»։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի մարտիկների ու հրամանատարների պատիվը, ինչպես նաև այն մեծ սխրանքը, որն իրականացրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։

«Ռուսաստանը միշտ անսասան արգելք կլինի նացիզմի դեմ և կպայքարի դրա հետևորդների վայրագությունների դեմ՝ պայքարելով այդ ագրեսիվ ու կործանարար գաղափարախոսությունների դեմ», – նշել է նա՝ հավելելով. – «Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են։ Ամբողջ երկիրը, հասարակությունն ու ժողովուրդը սատարում են հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»։