ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի միջամտի Հնդկաստանի և Պակիստանի միջև ընթացող հակամարտությանը՝ այն անվանելով «մեր գործը չէ»:
Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն կփորձի նպաստել հակամարտության լիցքաթափմանը, սակայն չի կարող երկու կողմերին ստիպել վայր դնել զենքերը: «Մենք կարող ենք խրախուսել կողմերին՝ մի փոքր զսպվածություն ցուցաբերել, բայց չենք ներքաշվի պատերազմի մեջ, որը մեզ չի վերաբերում և կապ չունի ԱՄՆ-ի վերահսկողության հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի հարցը լուծել դիվանագիտական ուղիներով:
«Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ այս հակամարտությունը չի վերածվի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի կամ, Աստված մի արասցե, միջուկային բախման: Այս պահին մենք կարծում ենք, որ դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Վենսը: