Միջազգային

Ո՞վ է Հռոմի նորընտիր պապ Լեւոն XIV-ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Եվ այսպես, հայտնի է Հռոմի նոր պապի անունը. ընտրվել է կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն՝ ընդունելով Լեւոն XIV անունը:

Վատիկանի Սիքստինյան կապելլայում մայիսի 7-ից մեկնարկած կոնկլավն արդեն հաջորդ օրը երրորդ քվեարկությամբ ընտրեց Հռոմի 267-րդ պապին՝ Լեւոն XIV-ին։

Նշենք, որ Լեւոն XIV-ը Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է: Իսկ նրա պապական անունը վերջին անգամ օգտագործվել է 1878 թվականին Լև XIII-ի կողմից։

Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին, Չիկագոյում, Իլինոյս:

Նրա հայրը՝ Լուի Մարիուս Պրևոն, ունեցել է ֆրանսիական և իտալական ծագում, իսկ մայրը՝ Միլդրեդ Մարտինեսը, իսպանական արմատներ: Պրևոն երկքաղաքացիություն ունի՝ ամերիկյան և պերուական, վերջինս ստացել է 2015 թվականին Պերուում ծառայելու ընթացքում:

Նա 1977 թվականին ավարտել է Վիլանովա համալսարանը (Փենսիլվանիա)՝ ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան:

Ապա ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան Չիկագոյի Կաթոլիկ աստվածաբանական միությունից:

Հոգևոր ծառայություն.

1977 թվականին Պրևոն միացել է Օգոստինյան միաբանությանը (Order of Saint Augustine):

1982 թվականին ձեռնադրվել է քահանա Հռոմում: Նա ավելի քան երկու տասնամյակ ծառայել է Պերուում, հատկապես Տրուխիլյո և Չիկլայո քաղաքներում, որտեղ աշխատել է աղքատ համայնքների հետ, հիմնել ծխական համայնքներ և դասավանդել կանոնական իրավունք:

2001-2013 թվականներին եղել է Օգոստինյան միաբանության գլխավոր պրիոր: 2014 թվականին նշանակվել է Չիկլայոյի եպիսկոպոս, իսկ 2023 թվականին դարձել է Վատիկանի Եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտ՝ պատասխանատու լինելով եպիսկոպոսների նշանակման համար ամբողջ աշխարհում:-

Կարդինալից՝ Հռոմի պապ

2023 թվականի սեպտեմբերի 30-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պրևոյին դարձրել է կարդինալ-սարկավոր՝ վերապահելով նրան Հռոմում Սանտա Մոնիկա դելի Ագոստինիանի եկեղեցին:

Իսկ 2025 թվականի փետրվարի 6-ին նա բարձրացվել է կարդինալ-եպիսկոպոսի աստիճանի և ստացել Ալբանո սուբուրբիկար եպիսկոպոսություն:

Լեւոն XIV-ի ընտրությունը պատմական է, քանի որ նա առաջին Պապն է Ամերիկայից։

Նորընտիր Պապն ունի երկքաղաքացիություն՝ ամերիկյան և պերուական։ Պոնտիֆիկը տիրապետում է անգլերենի, իսպաներենի, իտալերենի, ֆրանսերենի և պորտուգալերենի։

Պապ Լեւոն XIV-ը հայտնի է որպես չափավոր և պրագմատիկ առաջնորդ՝ հավատարիմ ավանդական եկեղեցական ուսմունքներին։ Նախկինում նա արտահայտել է իր մտահոգությունները գենդերային գաղափարախոսության վերաբերյալ դպրոցներում, ինչպես նաև հանդես է եկել ընդդեմ կանանց ձեռնադրության։ Միևնույն ժամանակ, նա աջակցել է փախստականներին և մարգինալացված համայնքներին, հատկապես Պերուում իր ծառայության ընթացքում։

Նրա պապական կարգախոսն է՝ In illo uno unum («Քրիստոսում՝ մեկում, մենք մեկ ենք»), ինչը արտահայտում է եկեղեցու միասնության և համընդհանուրության գաղափարը։

Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից իր առաջին ելույթում նա կոչ արեց խաղաղության, արդարության և միսիոներական աշխատանքի՝ ընդգծելով իր նախորդի՝ Ֆրանցիսկոսի ժառանգության շարունակականությունը։

Պատրաստեց՝ Արման Գալոյանը