Այսօր Սիքստինյան կապելլայում կմեկնարկի Կոնկլավը՝ Հռոմի նոր Պապի ընտրության գործընթացը։ Կարդինալները կհավաքվեն կապելլայում, մեկուսացած արտաքին աշխարհից, որպեսզի ընտրեն կաթոլիկ աշխարհի նոր առաջնորդին։
Չնայած դրան, որոշ շրջանակներ փորձում են ազդել ընտրող 133 կարդինալների կարծիքի վրա։ Նրանց թույլատրվում է իրենց հետ բերել գրավոր նյութեր, և Կոնկլավից առաջ նրանց ներկայացվել է գիրք, որում նկարագրված են կարդինալ գործընկերները։ Այդ գրքի ուղերձը հստակ է։
«Կարդինալների կոլեգիայի զեկույց» վերնագրով այս գիրքը ներկայացնում է շուրջ 40 թեկնածուի կենսագրական տվյալները՝ ընդգծելով նրանց դիրքորոշումները մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ միասեռ զույգերի օրհնության, կանանց սարկավագ ձեռնադրման և հակաբեղմնավորման նկատմամբ եկեղեցու ուսմունքի շուրջ։ Գրքի հիմնական ուղերձն է՝ ընտրել մի Պապ, որը եկեղեցին կղեկավարի մի ուղղությամբ, որն առնվազն տարբերվում է Ֆրանցիսկոս Պապի առաջատար բարեփոխումներից։
Զեկույցը հասանելի է համացանցում, սակայն այն հրատարակվել է նաև տպագիր, խոշոր ֆորմատով գրքի տեսքով։
Այնուամենայնիվ, երկու եկեղեցական իրավաբաններ հայտնել են CNN-ին, որ զեկույցը կողմնակալ է և միտված է Կոնկլավի վրա ազդելուն՝ հօգուտ Ֆրանցիսկոս Պապի քաղաքականությանը հակադրվող թեկնածուների։ Օրինակ, Մալթայից կարդինալ Մարիո Գրեչը, որը ղեկավարում է Հռոմի կաթոլիկ եկեղեցում բարեփոխումների լայնածավալ գործընթացը, զեկույցում ներկայացված է որպես «հակասական» կերպար, մինչդեռ ամերիկացի կարդինալ Ռեյմոնդ Բյորքը, որը հայտնի է իր քննադատական վերաբերմունքով Ֆրանցիսկոս Պապի հանդեպ, ներկայացված է գովեստով։