ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադարձել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած մաքսատուրքերին։
«Չինաստանը երկար տարիներ կողոպտել է ողջ աշխարհին։ Այժմ նրանց տնտեսությունը լրջորեն տուժում է։ Մարդիկ մոռանում են, որ այն գործարանները, որտեղ պատրաստվում են կոշիկներ, հագուստ և այլ ապրանքներ, չինական աշխատատեղեր են։ Երբ ասում ենք, որ այդ արտադրանքը չի արտահանվելու ԱՄՆ, դա նշանակում է, որ նրանք աշխատանքից զրկվում են։ Սա մեծ վնաս է Չինաստանի տնտեսությանը»,– ասել է նա։
Պետքարտուղարի խոսքով, «Կա երկու հարց․ Չինաստանի հետ կարող ենք արդյոք հասնել կարճաժամկետ համաձայնության։ Դա է նրանց նպատակը․ նրանք ուզում են հանդիպել, քննարկել»։
Ըստ Ռուբիոյի, նման հանդիպումները նախատեսվում են։ «Բայց կա ավելի լայն հարց՝ արդյոք սա արթնացման ազդակ չէ մեզ համար, որպեսզի մենք նորից սկսենք արտադրել մեր երկրում և չլինենք այսքան կախված Չինաստանից։ Մենք թույլ տվեցինք, որ Չինաստանը անարդար առևտրային քաղաքականությամբ, արժութային մանիպուլյացիայով և ինտելեկտուալ սեփականության գողությամբ մեզ քայքայի։ Սա շատ վտանգավոր վիճակ է, և նախագահ Թրամփը դա փոխում է հիմա, որովհետև այլևս սպասելու տեղ չկա»։
Ռուբիոն նաև շեշտել է․ «Երկու տարի էլ այս ուղղությամբ շարունակելու դեպքում մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ Չինաստանից ուժեղ կախվածության պատճառով։ Պետք է մտածենք՝ ինչքանով ենք պատրաստ ապագայում նրանցից ապրանքներ գնել։»