Միջազգային

Հայաստանը բարձրացրել է դիրքերը Մամուլի ազատության գլոբալ ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders - RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության գլոբալ ինդեքսը, ըստ որի՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ բարձրանալով 9 հորիզոնականով։

  • 180 երկրների թվում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը։
  • 2024 թվականին Հայաստանը եղել է 43-րդ տեղում՝ 71.6 միավորով, իսկ 2023-ին՝ 49-րդ տեղում, 70.61 միավորով։
  • Այս ցուցանիշով Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում։

Համեմատության համար․

  • Վրաստանը նահանջել է 11 տեղով և այժմ զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը,
  • Ադրբեջանը՝ 167-րդ,
  • Թուրքիան՝ 159-րդ,
  • Իրանը՝ 176-րդ,
  • Ռուսաստանը նահանջել է 9 հորիզոնականով և հայտնվել 171-րդ տեղում։

RSF-ի գնահատմամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վրա ազդեցություն են թողել մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝

  • ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածումը՝ պայմանավորված ներքաղաքական լարվածությամբ,
  • սահմանային անվտանգության խնդիրներով,
  • ինչպես նաև երկրի՝ Ռուսաստանի և ԵՄ-ի հետ բարդ հարաբերություններով։

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ տեղեկատվության հիմնական աղբյուր՝ հասանելի բնակչության շուրջ երկու երրորդի համար։

Բազմաթիվ լրագրողների և մեդիա կառույցների համար հատկապես զգայուն են երկու թեմաներ՝

  • Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը,
  • Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումը։

Ըստ ինդեքսի՝ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցություն ստանում ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և սեփականության թափանցիկությանը, գործող օրենսդրությունը դեռևս լիարժեք չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։

Լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսապես կախված է քաղաքական կամ ազդեցիկ անձանցից։ Վճարովի մոդելներ գրեթե չկան, իսկ գովազդային շուկան թույլ է զարգացած։