Միջազգային

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը։ Նա մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում, հայտնում է AFP-ն:

Ըստ ամերիկյան Ծերաբանական հետազոտությունների խմբի (GRG) և LongeviQuest տվյալների բազայի, Լուկասի մահից հետո գերծերակյացի կոչումը փոխանցվել է Անգլիայի Սուրեյ կոմսությունից Էթել Քեյթերեմին, ով անցյալ տարվա օգոստոսին դարձել է 115 տարեկան:

Ինա Կանաբարո Լուկասն աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել հունվարին՝ ճապոնացի Տոմիկո Իտոոկայի մահից հետո, որը նույնպես 116 տարեկան էր: LongeviQuest-ի տվյալներով՝ միանձնուհին իր 110-ամյակին օրհնություն է ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից։

Թեև Լուկասն ինքը պնդում էր, որ ծնվել է 1908 թվականի մայիսի 27-ին, սակայն, ըստ փաստաթղթերի, նրա ծննդյան օրը հունիսի 8-ն է, AFP-ին հայտնել է GRG-ի ղեկավար Ռոբերտ Յանգը: