Միջազգային

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Բաքու–Թավրիզ ավիաչվերթի գործարկումը

Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Թավրիզից Բաքու ուղիղ ավիաչվերթի բացումը և երկու երկրների միջև նոր սահմանային անցակետի կառուցումը։ Այս հարցերը քննարկվել են Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Բահրամ Սարմաստի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի միջև կայացած երկու ժամ տևած հանդիպման ընթացքում։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հուշագրի դրույթների իրականացման գործընթացը։

Կողմերը մանրամասն քննարկել են բժշկական տուրիզմի խթանումը, Ջուլֆա–Նախիջևան և Աղբանդ–Քալալե սահմանային անցակետերի ակտիվացումը, երկու կողմերում սահմանամերձ շուկաների ստեղծումը, «Արաքսի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկի ներուժի օգտագործումը, ինչպես նաև Արևելյան Ադրբեջանում համատեղ ներդրումների հնարավորությունները։

Բացի այդ, քննարկվել է ճարտարագիտական և տեխնիկական ծառայությունների արտահանումը, մասնավոր հատվածի ներգրավումը վերականգնման աշխատանքներին, առևտրային գործունեության ընդլայնումը, բիզնեսի պարզեցումը Ադրբեջանում, ինչպես նաև ադրբեջանցի ներդրողների ներգրավումը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։ Երկուստեք հետաքրքրություն է ցուցաբերվել Թավրիզ–Բաքու ավիաչվերթի գործարկման, մշակութային փոխանակման խորացման և Ադրբեջանի նախագահի ու փոխվարչապետի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի նկատմամբ։

Կարևորվել է նաև Իրանի քաղաքացիների՝ հատկապես Արևելյան Ադրբեջանի ուսանողների, ազատ տեղաշարժի ապահովումը դեպի Ադրբեջան և Նախիջևան, համալսարանների միջև ակադեմիական փոխանակման ընդլայնումը, ինչպես նաև գիտական և հետազոտական համագործակցության զարգացումը Արևելյան Ադրբեջանի և Ադրբեջանի տեխնոպարկերի միջև։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Իրանի քաղաքացիների, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների, ցամաքային սահմաններով տեղաշարժը հեշտացնելու անհրաժեշտությունը։