Միջազգային

Ուկրաինան համաձայն է ՌԴ-ի հետ հակամարտությունն ավարտելու 22 պահանջին

Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման 22 պայմաններին. այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ 

«Ես ժամանել եմ Լոնդոնից անցյալ շաբաթ, որտեղ մենք հանդիպում էինք անցկացնում ուկրաինական թիմի և եվրոպացիների հետ։ Մենք ունեինք 22 կոնկրետ պայման, նրանք համաձայնեցին դրանց», - հայտարարել է նա:

Քելլոգը հավելել է, որ և Կիևը և Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել 30 օրով հնարավոր հրադադարի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ ճանաչել Ռուսաստանի տարածքային պահանջները։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստ է տարածքային կորուստների փաստացի ճանաչմանը, բայց ոչ իրավական:

«Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքները, որոնք փաստացի օկուպացնում է Ռուսաստանը, թեև դա չեն ընդունում իրավաբանորեն։ Նրանք հասկանում են, որ հրադադարի հաստատման դեպքում յուրաքանչյուր կողմ կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Նրանք հենց դրան են պատրաստ։ Նախորդ շաբաթ նրանք ինձ հայտնեցին, որ արդեն քննարկել են այդ համաձայնագիրը»,- ասել է Քելլոգը։

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կիևի՝ տարածքային զիջումների պատրաստակամության մասին։