Միջազգային

Թրամփը զայրացած զանգահարել է «Amazon»-ի հիմնադիրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի առավոտյան զանգահարել է «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ արտահայտելու իր դժգոհությունը ընկերության մտադրության կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում էր կայքում որոշ ապրանքների գների կողքին ներկայացնել ԱՄՆ մաքսատուրքերով պայմանավորված հավելյալ ծախսերը։ Այս մասին CNN-ին հայտնել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թրամփը հետագայում այդ հեռախոսազրույցը որակել է որպես «հաջող». «Ջեֆ Բեզոսը շատ բարեհամբույր էր, ուղղակի հիանալի մարդ է։ Նա հարցը շատ արագ լուծեց։ Լավ տղա է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը։

Punchbowl News-ի տեղեկություններով՝ «Amazon»-ը նախատեսել էր շուտով ներկայացնել, թե ապրանքի ընդհանուր գնից որքան մասն է կազմում մաքսատուրքը՝ հստակ ցուցադրելով ամերիկացի սպառողներին Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը գների վրա։ Թրամփը սահմանել է 145 տոկոս մաքսատուրք Չինաստանից ներմուծվող ապրանքների համար, իսկ մյուս բոլոր երկրներից ներկրվողների համար՝ առնվազն 10 տոկոս։

Զանգը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան մի պաշտոնյա Թրամփին տեղեկացրել է «Amazon»-ի ծրագրերի մասին։ «Իհարկե, նա զայրացած էր», — CNN-ին հայտնել է անանուն մնալ ցանկացող բարձրաստիճան պաշտոնյան։ «Ինչո՞ւ պետք է միլիարդավոր դոլար արժողությամբ ընկերությունը ծախսերը բարդի սպառողների վրա»։

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիթը «Amazon»-ի այս քայլը որակել է որպես «թշնամական և քաղաքական գործողություն»՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է նաև Թրամփի հետ։