Միջազգային

«Այդ գարշելի դավաճանությանը վերջ է տրված». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանի նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրը եղել է երկրի պատմության մեջ ամենահաջողվածը։ Նա իր խիստ միգրացիոն քաղաքականությունը ներկայացրել է որպես գլխավոր ձեռքբերումներից մեկը և նախընտրական խոստումների կատարում։

«Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել», - ասել է նա իր կողմնակիցներին։

Նա հայտարարել է, որ ավտոարտադրող ընկերությունները «հերթ են կանգնել» Միչիգանում նոր գործարաններ բացելու համար։

Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել դեմոկրատներին և նախորդ վարչակազմը։ Նա նշել է իր ընդունած որոշումները՝ ընդգծելով, որ «կառավարությունից հեռացնում է խելագարությունն ու տրանսգենդերային գաղափարախոսությունը»։ Այս խոսքերն ուղեկցվել են բազմության ծափողջույններով։

«Մենք կրկին մեծ ենք դարձնում Ամերիկան, և դա տեղի է ունենում արագ», - հավելել է նա։

Խոսելով միգրացիայի մասին՝ Թրամփը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է անօրինական միգրանտներին «ամերիկացիներին բռնաբարելու և սպանելու» թույլտվություն տալու մեջ։ «Ես կարող եմ հայտարարել, որ այդ գարշելի դավաճանությանը վերջ է տրված», - ասել է նա։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն ապահովել է ԱՄՆ սահմանների անվտանգությունը, սակայն դատարանները «անդադար խոչընդոտում են» և փորձում են կանխել «չափազանց վտանգավոր» անձանց արտաքսումը. «Ամենավատերին ուղարկում են Սալվադորի բանտ»,- նշել է նա։

Թրամփի ելույթը տևել է մոտ մեկուկես ժամ։ Նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը՝ միայն նշելով, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։