ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը տեղեկացրել է, որ Բաքվում կայացել է ռուսական և սիրիական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը։
«Անցյալ շաբաթ Բաքվում տեղի ունեցավ Աֆղանստանի վերաբերյալ խորհրդաժողով, որին մասնակցում էին Մերձավոր Արևելքի, Մեծ Եվրասիայի երկրների ղեկավարներ և բարձր մակարդակի ներկայացուցիչներ։ Եղել է նաև սիրիական հատուկ ծառայության ղեկավարներից մեկը։ Եվ նրա հետ կայացել է միանգամայն կառուցողական և բարյացակամ հանդիպում», - ՏԱՍՍ-ին ասել է Նարիշկինը։
Ապրիլի 17-18-ը Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ «հատուկ ծառայությունների միջոցով ռուս-ադրբեջանական համագործակցությունը դինամիկ զարգանում է, կառուցողական է, փոխշահավետ ու վստահելի է և ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի պաշտպանությանը»: