Միջազգային

Ռուբիոն հայտարարել է պետքարտուղարության լայնածավալ վերակառուցման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Պետդեպարտամենտի համապարփակ վերակառուցման մասին, որի արդյունքում կկրճատվեն գերատեսչության բազմաթիվ արտասահմանյան ծրագրեր, իսկ աշխատակիցների զգալի մասը կազատվի աշխատանքից։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուռճացված է, բյուրոկրատացված և հավատարիմ է «արմատական քաղաքական գաղափարախոսությանը»։ Ռուբիոն նշել է, որ կդադարեցվեն այն նախաձեռնությունները, որոնք «չեն համապատասխանում Ամերիկայի հիմնարար ազգային շահերին»։

Մասնավորապես, նա հայտնել է, որ կլուծարվի այն բաժինը, որը զբաղվում էր մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգով արտասահմանում, ինչպես նաև ռազմական հանցագործությունների և ցեղասպանության հարցերով։

Ռուբիոն այդ ստորաբաժանումը նկարագրել է որպես «ձախ ակտիվիստների հարթակ՝ պահպանողական առաջնորդների դեմ վենդետաներ իրականացնելու համար»։ Նա որպես օրինակ նշել է Լեհաստանը, Հունգարիան և Բրազիլիան, նշելով, որ Լեհաստանում ու Բրազիլիայում իշխանությունը կորցրել են այն ղեկավարները, ովքեր գաղափարապես մոտ էին նախկին նախագահ Թրամփին։

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է․ «Մենք բախվում ենք լուրջ մարտահրավերների ամբողջ աշխարհում՝ նախագահ Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» սկզբունքով արտաքին քաղաքականություն իրականացնելու շրջանակում։ Պետք է վերակազմակերպենք և զորացնենք Պետդեպարտամենտը։ Ներկայիս վիճակում այն ուռճացված է, բյուրոկրատացված և անկարող՝ արձագանքելու նոր դարաշրջանի՝ մեծ տերությունների միջև մրցակցությամբ պայմանավորված դիվանագիտական պահանջներին»։