Միջազգային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։  

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։