Միջազգային

Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պահպանում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ «Международная жизнь» ամսագրում հրապարակված հոդվածում։

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դիտարկելու համար, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում Երեւանը խնդրել է համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում Երևանի բազմակողմ շփումներն իրականացվում են աշխատանքային ռեժիմով: Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ պետություններն իրենց հերթին պահպանում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը», - նշել է Թասմագամբետովը ։

Նա ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրադրությունը որոշում է ՀԱՊԿ գործունեության ուղղությունները կանոնակարգող իրավապայմանագրային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման և նոր պայմաններին համապատասխանեցման, կազմակերպությունում կառավարչական որոշումների ընդունման մեխանիզմների և գործիքակազմի, ալգորիթմների առավել մանրամասնման անհրաժեշտությունը: