Միջազգային

ԱՄՆ 75 կոնգրեսական Բայդենին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ 75 կոնգրեսական Բայդենին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսի 75 անդամ նախագահի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը և միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը չհրահրված ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա (Արցախ)՝ փորձելով բռնի ուժով ենթարկել տարածաշրջանի էթնիկ հայ բնակչությանը։ 24-ժամյա հարձակումից հետո, որի արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչներ տեղահանվեցին և ավելին՝ 200-ից ավել զոհեր, Արցախի իշխանությունները համաձայնել են զինաթափվել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար։

Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի դաժան իննամսյա շրջափակման գագաթնակետն է. շրջանի 120,000 խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 30,000 երեխաներին զրկել է սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտություններից: Արցախի բնակչության ծավալվող զանգվածային տեղահանումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մեր երկրի արձագանքն այս ճգնաժամին համարժեք չի եղել ճգնաժամի մասշտաբային ավերածություններին․ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի Ադրբեջանին, որ Արցախի դեմ իր չհրահրված ագրեսիան անընդունելի է և կարժանանա համապատասխան պատասխանի»,- ասվում է կոնգրեսականների գրած նամակում։

Կոնգրեսականներն առաջարկել են գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվել անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի օրենքը»։  

Բացի այդ, նամակի հեղինակներն առաջարկել են հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ անել՝ ներգրավվելու այդ գործում։

Նշենք, որ Ջո Բայդենին ուղղված նամակի նախաձեռնողներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Աննա Էշուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական