Միջազգային

Պատրիարք Կիրիլը 1970-ականներին Ժնևում ՊԱԿ-ի գործակալ է եղել. շվեյցարական մամուլ

Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Գունդյաև) 1970-ականներին հետախուզական գործունեություն է ծավալել Ժնևում՝ ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (КГБ) հանձնարարությամբ։ Այս մասին հայտնել են մի շարք շվեյցարական պարբերականներ, մասնավորապես, «Tages-Anzeiger-ը»՝ վկայակոչելով գաղտնազերծված պետական արխիվները։

Այդ տեղեկատվության համաձայն՝ Գունդյաևն աշխատել է հետախուզական ծառայության համար՝ օգտագործելով «Միխայլով» կոդային անունը։ Նա զբաղվել է լրտեսությամբ՝ Շվեյցարիայում զբաղեցնելով եկեղեցիների համաշխարհային խորհրդին (ԵՀԽ) կից Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցչի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, նրա հիմնական խնդիրն էր ազդել ԵՀԽ-ի վրա:

«Tages-Anzeiger»-ի փոխանցմամբ՝ Բեռնում Ռուսաստանի դեսպանատունը վրդովված հայտարարությամբ է արձագանքել զլմ-ների այս հրապարակումներին՝ հաղորդագրություններն անվանելով «Շվեյցարիայում տարածվող ռուսատյացության հերթական օրինակ»։ Ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվել է մեկնաբանություններից։ ԵՀԽ-ում հայտարարել են, որ այդ հարցի շուրջ տեղեկություն չունեն։