Տեսակետ

ԼՂ-ը կարող է դառնալ ԱՄՆ-ի անդրծովյան տարածք, ինչպես Պուերտո Ռիկոն, Գուամը կամ Ամերիկյան Սամոան

«Ազատություն» ռ/կ երևանյան բյուրոյի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարավային Կովկաս ԱՄՆ-ի մտնելու հեռանկարի հետ կապված մոռացված մի պատմություն հիշեցի, որի մասին շատ վաղուց  նյութ էր արել Արմեն Դուլյանը։ Պետդեպարտամենտի՝ թոշակի անցած դիվանագետը պատմել էր, որ 1993 թվականին այցել էր Ստեփանակերտ ու ԱՄՆ-ի հովանավորության գայթակղիչ առաջարկ արել Ղարաբաղի ղեկավարությանը, բայց նրանք չէին համաձայնվել։ 

Մայքլ Բրանդաուեր անունով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը պատահական իմանալով, որ «Մայամի Հերալդ» թերթում  աշխատող լրագրողներից մեկի ծնողները Ղարաբաղից են, նրան հարցազրույց էր տվել ու պատմել, որ 1993-ին պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերի մոտ մասնակցել է խորհրդկացության, որտեղ որոշվել է նրան ուղարկել պատերազմող Լեռնային Ղարաբաղ՝ տեղում Վաշինգտոնի առաջարկները ներկայացնելու համար։ 

Օգտվելով Ռուսաստանի թուլությունից, Չեչնիայում պատերազմ էր, Ռուսաստանի ներսում անհանգիստ իրավիճակ, Ելցինը լուծարել էր խորհրդարան,  բայց նրանք չէին հնազանդվում,  ու նման խառնաշփոթ  պայմաններում Վաշինգտոնը ցանկացել է ոտքի տեղ ապահովել Հարավային Կովկասում։ 

Մայքլ Բրանդաուերը ժամանել էր Ստեփանակերտ և, ինչպես ինքն է պատմել, ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին գայթակղիչ առաջարկ է արվել։ Գաղափարը հետևյալն էր՝ Ստեփանակերտը դիմում է ԱՄՆ-ին խնդրելով, որ ԱՄՆ-ն  իր հովանու տակ վերցնի Ադրբեջանից հանրաքվեով անջատված ինքնահռչակ, չճանաչված Ղարաբաղը։ Նախկին դիվանագետի պատմելով՝ ինքը Ստեփանակերտում բացատրել էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ԱՄՆ-ի անդրծովյան տարածք, այնպես ինչպես Պուերտո Ռիկոն, Գուամը կամ Ամերիկյան Սաոման։ Ղարաբաղը պահպանելու էր իքնակառավարման բոլոր ինստիտուտները՝ նահանգապետ, տեղական խորհրդարան, կառավարություն, դատական համակարգ, ինչպես նաև  ցանկացած ժամանակ հանրաքվե անցկացնելու իրավունք, եթե ցանկանար փոխել իր կարգավիճակը, ասենք միանար Հայաստանին։ Վաշինգտոնը խոստացել էր 15 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել, որը կօգներ ռազմական հաջողություններ ունենալ և պայմաններ թելադրել Բաքվին։ Իսկ պատերազմից հետո Ղարաբաղում որպես ազգային դրամ շրջանառվելու էր ամերիկյան դոլարը։

Հատկապես վերջին առաջարկը  դուր էր եկել ղարաբաղցիներին, ասել էր Մայքլ Բրանդաուերը, բայց նրա պատմելով՝ Ղարաբաղում արբեցած էին ռազմական վերջին հաջողություններով, ու զինվորականները պատրանքներ են ունեցել հասնել մինչև Բաքու, մինչև Կասպյան նավթահորերը։ Երևանի դիրքորոշման մասին նա ասել էր, թե Հայաստանի ղեկավարությունը կտրականապես դեմ էր արտահայտվել իր ներկայացրած գաղափարին։ 

Ի վերջո, այդ ժամանակաշրջանում Հարավսլավական պատերազմը ահագնացել էր, և ԱՄՆ-ի ուշադրությունը ուղղվել էր այնտեղ։ 

Պաշտոնաթող դիվանագետը հայազգի լրագրողին նույնիսկ թթի օղի էր առաջարկել, որը բերել էր Ղարաբաղից։ 

Որքան ես հիշում եմ, այս պատմությունը մինչև հիմա ոչ մի արձագանք, մեկնաբանություն չի ստացել։ Եթե իրոք եղել է այդ գերգաղտնի այցը ու առաջարկը, ապա դժվար չէ պատկերացնել հանդիպումների հավանական շրջանակը։ Բայց ոչ մեկը չի հաստատել, գուցե՝ ամոթից, որ հրաժարվել են նման հնարավորությունից։ Գուցե սուտ է, իրականությանը  չի համապատասխանում, բայց հերքում չկա, թեկուզ թերթից հերքում պահանջվեր, եթե նման բան իրոք չի եղել»։