Տեսակետ

Մոսկվան ու Բաքուն մնու՞մ են այդ հարցում համաձայնության դաշտում, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվային հենց սկզբից էլ հայտնի է եղել Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը, և իրենք հենց սկզբից էլ համաձայն չեն եղել դրա հետ:

Ինչպես ռուսները կասեին՝ «еще бы», ինչպես կարող էին տեղյակ չլինել, եթե Ուկրաինայի վրա գրոհից երկու օր առաջ Մոսկվայում ստորագրվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև դաշնակցային հռչակագիրը: Ինչպես կարող էր ստորագրվել այդպիսի հռչակագիր, առանց կողմերի դիրքորոշումները մանրամասն ճշտելու, հստակեցնելու, ինչպես ասում են՝ սլաքները ճշգրտելու: Հնարավո՞ր էր այդպիսի բան, այդպիսի պատասխանատու և բախտորոշ պահին: Առավել ևս, որ դրանից առաջ արդեն հայտնի էր, որ Ռուսաստանը ճանաչել է Դոնբասն ու Լուգանսկը:

Մոսկվայի համար իհարկե կարևորն այն չի եղել՝ Ալիևը համաձա՞յն է Ուկրաինայի հարցում իրենց հետ, թե՞ ոչ: Մոսկվայի համար կարևոր է եղել, որ Ալիևն իրենց հետ համաձայնության ոգով մոտենա Կովկասի հարցին, այդ հարցի թե զուտ ռեգիոնալ, թե այսպես ասած «տարանցիկ» տրամաբանությամբ:

Ահա այստեղ է էականը՝ Մոսկվան ու Բաքուն մնու՞մ են այդ հարցում համաձայնության դաշտում, թե՞ ոչ: Համենայն դեպս, Պեսկովը, կամ ռուսաստանցի որևէ պաշտոնյա կամ խոսնակ դեռևս չի հայտարարել, որ Բաքվի վարքագիծը հակասում է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային հռչակագրի տառին ու ոգուն:

Այդ լռությունը տարօրինակ է, որովհետև Ադրբեջանի ներկայիս քայլերը ակնառու վկայում են այդ հակասության մասին: Ըստ այդմ, ինչու՞ Մոսկվան չի ներկայացնում այդ առումով որևէ պահանջ: Որովհետև այդ փաստաթուղթը ընդամենը ոչինչ չասող թու՞ղթ է, թե՞ այդ փաստաթղթի ներքո կա երկու երկրների, կամ երկու անձանց՝ Պուտինի և Ալիևի միջև համաձայնությունների բոլորովին այլ բովանդակություն և «պայմանագիր», որը ներառել էր նաև Արցախին առնչվող էական զարգացումներ»: