Մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ ապագաղութացման մասին խոսում են քաղաքական-կուսակցական գործիչներ, փորձագետներն ու բլոգերները, ոչինչ, նրանք պարտավոր չեն ոչ մակերեսային ըմբռնումներ ունենալ: Մնացած դեպքերում առաջարկում եմ հաշվի առնել առնվազն երկու հանգամանք:
Առաջինի մասին վերջերս գրել եմ, կրկնեմ. Հայաստանի ապագաղութացումը պարզապես տարատեսակ ռուսական ազդեցություններից ազատվելու ձգտումը չէ: Հայաստանը գաղութացված եղել է Խորհրդային Միությունում և մնում է գաղութացված: Դրա արտահայտությունները կգտնեք ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև հայկական հեռուստատեսություն: Ապագաղութացումը առաջին հերթին նշանակում է քննադատական երկխոսություն ԽՈՐՀՐԴԱՀԱՅ անցյալի և ժառանգության հետ: Առայժմ տեսնում ենք այդ անցյալի միայն փառաբանություն, ինչի մասին էլ որ խոսելիս լինեն՝ խորհրդային տարիների Երևանի, հայկական կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության և այլնի կամ առանձին գործիչների: Հավաքական նարցիսիզմ՝քննադատական մոտեցման փոխարեն:
Երկրորդը վերաբերում է հարցին՝ ինչպե՞ս կատարել մշակութային ապագաղութացման աշխատանքը: Հետգաղութային ուսումնասիրությունները, ինչպես նաև ապագաղութային տեսությունը հետազոտության մանրամասնորեն մշակված և ակադեմիական համակարգում հաստատված (արևմտյան) տիրույթներ են, բայց լուրջ խնդիր է դրանց կիրառելիությունը հետխորհրդային իրադրությունների, մշակույթների նկատմամբ: Արդեն քառորդ դար քննարկվում է հետխորհրդային համատեքստում այդ տեսություններն օգտագործելու հնարավորությունը, բայց առայժ չկա որևէ մշակված ընդհանուր մոտեցում, այլ միայն առանձին, մեկուսի կիրառություններ (հաջող թե անհաջող՝ այլ հարց է): ես առաջին անգամ ընդարձակ հոդվածի տեսքով այս թեմային անդրադարձել եմ 2007 թվականին (հղումը՝ մեկնաբանություններում):
Մի օրինակ բերեմ՝ ասածս պարզ դարձնելու համար: Կա Routledge հրատարակչության բառարանը. Postcolonial Studies, The Key Concepts (Bill Ashcroft, Gareth Griffiths and Helen Tiffin), որի առաջին հրատարակությունը լույս է տեսել 2000թ., իսկ չորրորդը՝ այս տարի, 2025թ.: Ամեն նոր հրատարակություն նախորդների նորացված և ընդլայնված տարբերակն է: Հրաշալի գիրք է՝ գրված տիրույթի լավագույն մասնագետների կողմից: Բայց նույնիսկ այս վերջին հրատարակության մեջ բացակայում է որևէ ակնարկ հետխորհրդային/հետգաղութային թեմային: Խորհրդային Միությունը հիշատակվում է միայն Սառը պատերազմի, Երրորդ աշխարհում մղված ազգային ազատագրական պայքարների և նման այլ հարցերի առնչությամբ:
Այսինքն՝ հետխորհրդային երկրներում ապագաղութացման հարցը պարզ և հասկանալի է միայն քաղաքական կոչերի, փողոցային կարգախոսների մակարդակում, բայց ոչ՝ հետազոտական աշխատանքում, յուրաքանչյուր դեպք պահանջում է յուրահատուկ մոտեցում և հետգաղութային ուսումնասիրությունների մշակած գործիքների զգուշավոր ու շրջահայաց օգտագործում»: